Foto

Բազմակի օգտագործման տարայի օտարումն ազատվում է ԱԱՀ-ից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից ՀՀ կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:

Նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը, որի արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն: Կառավարությունն առաջարկում է համապարփակ վերլուծության արդյունքում գալ ճիշտ լուծումների և ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:

ՀՀ հարկային օրենսգրքի ընդունմամբ և դրանից հետո կատարված օրենսդրական փոփոխություններով տարայի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումները (այդ թվում՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնները, ԱԱՀ-ից ազատման շրջանակը) արդեն իսկ երկու անգամ վերանայվել են և ներկայացված առաջարկության ընդունումը կնշանակի կես տարվա ընթացքում երրորդ փոփոխությունը կատարել խնդրո առարկա հարցին վերաբերող կարգավորումներում: Այս առումով, կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է խուսափել ՀՀ հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող և տեղային նշանակություն ունեցող փոփոխություններից, քանի որ վերջիններս ոչ միայն չեն բխում կայուն և կանխատեսելի հարկային օրենսդրություն, հետևաբար նաև՝ հարկային միջավայր ձևավորելու քաղաքականությունից, այլև ուղղակիորեն հակադրվում են այդ քաղաքականությանը և խնդրո առարկա հարցի քննարմանն անդրադառնալ այն ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող ձևաչափում քննարկելուց և արդյունքներն ամփոփելուց հետո: