«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:03-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում շինարարական աշխատանքներ իրականացնող կառուցապատող ընկերության կողմից վնասվել է ՀԷՑ-ին պատկանող բարձրավոլտ՝ 10 կՎ լարման ստորգետնյա մալուխային գիծը։ Դեպքի հետևանքով խափանվել է վեց ենթակայանի աշխատանքը։
ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետները ամբողջ գիշերվա ընթացքում իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքում մինչև առավոտյան ժամը 05:00-ն վերականգնվել է երեք ենթակայանի էլեկտրամատակարարումը։
Մյուս երեք ենթակայանների էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։









