Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ հեմոգլոբինը շատ ցածր է, ճնշումը 90-40 է եղել, երեկ մի պահ ասել են, որ լավ չի զգացել իրեն, ճնշումը ցածր է եղել, ասել էին՝ երկուշաբթի պետք է վիրահատվի, բայց հիմա է վիրահատվում։«Ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, անոթն էլ է վնասված եղել, կապել էին Սիսիանում, որ արնահոսություն չլինի․․․ շատ է արյուն կորցրել։ Հիմա, որ փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն, ասացին ոտքը կարճանալու է, վեց ամիս անց ևս պետք է վիրահատվի ինչ-որ ձգող սարքերով, գա իր չափին»,- ասաց Ավետիսյանը։
Ավետիսյանը նշեց, որ երեկ ամբողջ օրն այնտեղ է եղել, բայց մեկ հոգու են թողնում Անիի մոտ, քույրն է եղել, ով պատմել է, որ գիշերը վատացած է եղել, լավ չի եղել․ «Ջուր է ուզել, ջուր են տվել՝ սրտխառնոց է ունեցել»։ Երեխաները դեռևս չեն տեսակցել մորը, երեկ երեխաներին հայրը բերել էր, բայց չեն տեսել, այսօր ժամը 13։00-ին պետք է տեսնեին, բայց վիրահատությունը երկար է տևելու։ Երեխաներից մեկ ձեռքը հարվածից վնասվել է, վիրահատել են՝ երկաթներով, ձեռքը գիպսի մեջ է։
«Երեխաները ծնողներիս մոտ են, ամուսինը Սիսիանից բերել է»,- պատմեց Անիի քույրը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցու ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին է տեղեկացրել, որ զինծառայողը անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, ով ապօրինի ներխուժել էր ՀՀ, կրակել է Շաքիի բնակչուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Ի վերջո, դատախազությունը երեկ հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ ոչ թե պետության դեմ ուղղված հանցագործության համար, այլ՝ միայն բնակարան ապօրինի ներխուժելու, առողջությանը պատճառված վնասի և ապօրինի զենք կրելու համար և ոչ մի խոսք՝
ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ներթափանցելու կամ գուցե դիվերսիայի մասին։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության համար։
Այժմ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։









