Հանքարդյունաբերության ծավալն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 20%-ով, ինչի հետևանքով էլ թուլացել է տնտեսական ակտիվության աճի տեմպը:
Vesti.am-ը զրուցեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ՝ հասկանալու, արդյո՞ք ՏՏ ոլորտը կարող է հանքարդյունաբերությանն այլընտրանք լինել:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում աշխատում է 12.000 մարդ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ ՏՏ ոլորտում աշխատում է 17.000 մարդ՝ միջին աշխատավարձը 800.000 դրամ:
«ՏՏ ոլորտն արդեն իսկ վաղուց այլընտրանք է: Ուղղակի խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպությունների ազդեցության տակ մեր հանքարդյունաբերական վճարները զրոյացվել են և մենք հանքարդյունաբերությունից ռեալ ոչ մի օգուտ չենք ստանում, բացի մարդկանց աշխատավարձերի հարկերից»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հիմա կիրառվեին այն հարկերը, որոնք կային 2010-2011 թթ., մեր մուտքերը կլինեին մի քանի միլիարդ՝ միայն հանքարդյունաբերությունից:
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե այլընտրանք լինել-չլինելն է, այլ պետք է ճիշտ հարկատեսակ սահմանել:
«Այդ ժամանակ թալանչիները կփախչեն. ճիշտ վճարները չվճարելու հաշվին երկիրը թալանում են, բայց եթե ճիշտ հարկերը վճարեն, հազար հոգի չի ցանկանա ոսկի արտահանել, հարյուր հոգի չի ցանկանա պղինձ արտահանել, կգան այն ընկերությունները, որոնք վերջնական արտադրանք կտան, որպեսզի իրենք կարողանան այդ հարկերի մեջ աշխատել: Իսկ հիմա նայում են, ասում են խուժան երկիր է, հարկ չի վերցնում հանքարդյունաբերության համար»,-ասաց նա:
Ըստ Վարդանյանի՝ միգուցե տասը տարի հետո այնպիսի տեխնոլոգիաներ մտածեն, որոնք կպահպանեն բնությունը, այն հողը, որից օրինակ, պղինձը հանել են, բայց մեջը շատ այլ մետաղներ կան, դրանք ևս կմշակվեն և առանց լրացուցիչ հանքարդյունաբերության զգալի օգուտներ կբերեն:
ԱՏՁՄ գործադիր տնօրենն ասաց, որ նախկին նախագահին նմանատիպ նախագիծ են ներկայացրել հաշվարկներով ցույց են տվել, որ դա հնարավոր է:
«Միայն պոչերը մշակելով կարելի է լուրջ մետաղներ կորզել, որոնք քանակով քիչ են, բայց շատ պետքական են լեգիրացված պողպատ ստանալու համար՝ հատկապես ռազմարդյունաբերությունը հաշվի առնելով: Բացի այդ, Հայաստանն ունի ոչ մետաղական հանքեր, որոնց շահագործմանը խանգարում է կազմակերպչական խնդիրը, գիտական բազայի ոչնչացումը և տրանսպորտային հանգույցների օպտիմիզացիան, որով մեր պետությունը չի զբաղվել, ինչը էականորեն կէժանացներ տրանսպորտը:
Մեր հարցին՝ այն նախագիծը, որը ներկայացրել են նախկին նախագահին, չե՞ն պատրաստվում ներկայացնել նոր Կառավարությանը, կամ նախագահին, Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ այսօրվա Կառավարությունում կան մարդիկ, որոնք այդ ծրագրի մասին տեղյակ են:
Նաև ճշտեցինք, թե որևէ արձագանք չի՞ ստացել այդ ծրագիրը.
«Մենք գոնե չենք ստացել դեռ, նոր իշխանության ղեկավարները դեռ չեն կիսվել, բայց իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այդ ծրագրից տեղյակ են և հուսով եմ, որ նրանք Նիկոլ Փաշինյանին տեղյակ կպահեն: Այդ ծրագիրը ենթադրում է միայն թափոններից շատ ավելի շատ ոսկու արտադրություն, քան հիմա կա՝ առանց բնությանը որևէ վնաս տալու»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ հավելելով, որ դրա համար մոտ 50-60 մլն դոլար ներդրում է պահանջվում:
Մերի Բալասանյան
Vesti.am
Կարող եք կարդալ նաև՝ Հանքարդյունաբերությունն ու դրա այլընտրանքը. մաս 1









