Հանքարդյունաբերության ծավալն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 20%-ով, ինչի հետևանքով էլ թուլացել է տնտեսական ակտիվության աճի տեմպը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ 20 տոկոսը հիմնականում կապված է Թեղուտի հետ:
«Անցյալ տարվա դեկտեմբերին էր, երբ պարզվեց, որ Թեղուտի շահագործողները ժամանակին, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պոչամբարի ինժեներատեխնիկական աշխատանքները կատարելու ժամանակ թույլ են տվել խախտումներ կամ չեն համապատասխանել միջազգային նորմատիվներին: Թեղուտի ղեկավարությունն ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել գործունեությունը, իսկ հիմա, մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքները, մինչև լրացուցիչ ուսումնասիրություն կատարվի»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ քանի որ ընդհանուր հանքարդյունաբերության մեջ Թեղուտն արդեն մեծ տեսակարար կշիռ ուներ վերջին 3 տարվա կտրվածքով, այդ պատճառով 20 տոկոս անկման պատճառներից մեկը դա է:
Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, եթե նույնիսկ հետագայում այս բնապահպանական շարժումը շարունակվի, պայքարը նույն Ամուլսարի կամ նորմատիվները խախտող այլ ընկերությունների դեմ շարունակվի, չի բացառվում, որ էլի հանքարդյունաբերության ձեռնարկություններ դադարեցնեն իրենց աշխատանքը, կամ մասամբ դադարեցնեն ու դրա արդյունքում տնտեսությանը վնաս կհասցվի:
Այնուամենայնիվ, տնտեսագետը նշեց, որ թվերով չէ, որ պետք է հաշվել տնտեսության վնասը: Նրա խոսքով, եթե Թեղուտը չաշխատեր, շատ ավելի կլիներ օգուտը:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ չի բացառվում, որ այս տարվա ընթացքում այդ 20 տոկոսը դառնա ավելի շատ, որովհետև նոր Կառավարությունը չի անում այն քայլերը, որ անում էր նախորդ Կառավարությունը, որի հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել:
«Ամիսներ առաջ ոչ ոք հաշվի չէր առնում այդ վնասները, հակառակը, ստանում էին շատ ուժեղ պատասխաններ հակառակ կողմից, իբր ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում, բայց մի պարզ ճշմարտություն կա, որ բացի նրանից, որ չի կարելի ընդհանրապես Ամուլսարին ձեռք տալ, 10 տարի հետո փակվելու է այդ հանքը»,-ասաց նա:
Մեր հարցին՝ իսկ մեր երկրում հանքարդյունաբերությանը այլընտրանք կա՞, տնտեսագետը պատասխանեց, որ միանշանակ այլընտրանք կա, մանավանդ, որ երկու իրար հակասող ուղղությամբ էր տնտեսության զարգացման մոդելը մեզ ներկայացվում:
«Մե՛կ ասում են, որ Հայաստանում պետք է տուրիզմը զարգանա, մե՛կ ասում են հանքարդյունաբերությունը պետք է զարգանա: Այդ երկուսն իրար հակասող են, որովհետև ոչ մի տուրիստական ծրագիր չի կարող իրականացվել, ասենք, Ջերմուկի հանգստյան գոտում, երբ կողքին ունենք Ամուլսար: Կարելի էր հենց այդպես էլ անել. այն գումարները, որոնք պետք է ծախսվեին տնտեսության առանձին բնագառավառների զարգացման վրա, պետք է ուղղվեին տուրիզմին»,-կարծում է տնտեսագետը:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, մեր զրուցակցի խոսքով՝ կարելի էր մի քանի տարի առաջ ձեռնարկել պղնձաձուլարանի կառուցումը՝ նույն Սյունիքում:
«Մեզ մոտ լեռնահանքարդյունաբերությունը զարգացվում է, մինչև վերջ ռազմավարությունն այդպես էլ չի ներկայացվում: Հումքը հանում են, վաճառում ու վերջ, բա հետո ի՞նչ ենք թողնելու սերունդներին: Կարծում եմ, որ պետք է աստիճանաբար հեռու մնանք լեռնահանքարդյունաբերության զարգացման ծրագրերից, ավելի շատ պետք է մտածել եղած վիճակից դուրս գալու ծրագրերի իրականացման մասին, որը պետք է նշանակի պոչամբարների վերացում, մշակում, ինչը թույլ են տալիս այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաները»,-ասաց նա՝ հավելելով, որ մի պարզ ճշմարտություն կա. խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ հանքերը փակվում են, հանքերի շահագործման ժամանակ խնդիրները քիչ են:
Նրա խոսքով՝ շատ երկրներ արդեն լուրջ զբաղվում են այդ խնդրով և ունենում են բավականին մաքուր, էկոլոգիապես անվտանգ լեռնահանքային արդյունաբերություն:
«Մենք, ցավոք, չենք կարող ունենալ այդպիսին, որովհետև ֆինանսական միջոցների բացակայություն կա, բայց դա չի նշանակում, որ պետք է շարունակենք զարգացնել և դրանով վտանգի ենթարկել ողջ Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց տնտեսագետը:
Մերի Բալասանյան
Vesti.am









