«Ամուլսարի» հանքավայրի շահագործան նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, գործարանի կառուցման շինարարության տեմպերն էլ չեն թուլանում: Այդ մասին Vesti.am-ին հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկը, ով ներկայանալ չցանկացավ:
Նա մեզ փոխանցեց նաև, որ վաղը կրկին ցանկանում են փակել «Ամուլսար» տանող ճանապարհը, որ «Լիդիան» ընկերությունը չկարողանա շինարարական աշխատանքներ իրականացնել:
«Մեր գլխների տակ փափուկ բարձեր են դնում, թե ամեն ինչ կուսումնասիրեն ու պատասխան կտան, բայց ոչինչ էլ չեն անում: Որոշել ենք կրկին փակել ճանապարհը»,- ասաց մեր զրուցակիցը:
Vesti.am-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց նաև Ջերմուկի մեկ այլ բնակչի՝ Վազգեն Գալստյանի հետ: Վերջինս մեզ ասաց, որ տեղյակ չէ ճանապարհ փակելու՝ համաքաղաքացիների մտադրությունից:
«Տարբեր պատկերացումներ ունեցող մարդիկ ենք, ու միանշանակ կարծիք չկա ճանապարհը փակել-չփակելու մասով: Ես ինքս, օրինակ, այն կարծիքին եմ, որ պետք է սպասել կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացություններին, հետո նոր, ըստ անհրաժեշտության, քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ջերմուկցիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն կառավարության կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովից, Գալստյանն արձագանքեց՝ հանքի շահագործման դադարեցումը:
Մեր ճշտող հարցին, թե նրանք հուսով են, որ կառավարությունը կարող է չեղարկե՞լ ծրագիրը, Վազգեն Գալստյանն ասաց. «Այո, հուսով ենք: Եթե նախորդ կառավարությունը լիներ, հարցը նույնիսկ չէինք քննարկի, իսկ հիմա մեծ հույսեր ենք կապում նոր կառավարության հետ»:
Vesti.am









