Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ակտիվությանն առաջնագծում: Իր ֆեյսբուքյան էջում խորհրդականը մասնավորապես գրել է, որ ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը:
«Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին.
1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: 2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ): 3. Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում 4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները»:









