ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել «թուրքական գործոնի» առկայությունն ու ազդեցությունը՝ ԼՂ իրավիճակի վրա: Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։
«Ես չեմ բացառում, որ այս դեպքում ևս առկա են արտաքին գործոնները, որոնք ազդում են այդ հակամարտության վրա։ Ահա դուք թուրքական գործոնի անունը նշեցիք։ Հավանաբար, թուրքական այդ գործոնը կա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան հայտարարել է իր դիրքորոշումը»,– ասել է Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդման ընթացքում Սերգեյ Բրիլյովի հետ զրուցելիս:
Բացի այդ, Մեդվեդևը նկատել է, որ Թուրքիայի հայտարարությունները չեն կարող տագնապ չհարուցել։
«Փոխանակ հանդարտվելու կոչ անեն, փոխանակ ասեն՝ եկեք վերստին վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք հրաձգությունը, տրվել են կոնկրետ գնահատականներ։ Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ։ Այ դա, բնականաբար, չի կարող չտագնապեցնել»,–հավելել է վարչապետը։
Զրույցի ընթացքում նա նաև հայտարարել է, որ լավ է ԼՂ հակամարտությունը մնա սառեցված վիճակում:
«Եթե դուք ինձ հարցնում եք` ընտրե՞լ հակամարտության պահպանումը սառեցված վիճակում, այսինքն հրաժարվել, որպեսզի այն արագ լուծվի, թե՞ մարդկային կյանքը, որը զոհաբերվում է հակամարտության կարգավորման համար, ապա ես, այնուամենայնիվ, ընտրում եմ սառեցումը: Լավ է պահպանվի այն իրավիճակը, որն առկա է այսօր, քան արյուն թափվի»,- հայտնել է վարչապետը:Հաղորդման շրջանակներում Մեդվեդևն անդրադարձել է նաև Բաքվին՝ զենք վաճառելու հարցին:
«ՌԴ-ի տեղը կարող են այլ երկրներ զբաղեցնել, եթե Մոսկվան դադարի զենք վաճառել Բաքվին: Կսկսեն զենք գնել այլ երկրներից, և դրա մահաբերության մակարդակը դրանից չի նվազի: Միևնույն ժամանակ, կարող է խախտվել հավասարակշռությունը, որ գոյություն ունի այն պատճառով, որ մենք հասկանում ենք, թե ինչպիսին է մեր գործընկերների պահանջարկը, և բոլորը պատկերացնում են՝ ինչպիսին է ուժերի դասավորությունը տարածաշրջանում»,- պարզաբանել է Դմիտրի Մեդվեդևը:
Ըստ վարչապետի՝ այլ երկրների մուտքն այդ շուկա չի բարելավի իրավիճակը, հակառակը՝ կարող է ավելի բարդացնել այն:
Vesti.am