Հակակոռուպցիոն դատարանում այսօր` մարտի 31-ին, շարունակվեց Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Լևոն Պետրոսյանը:
Վկաների հարցաքննության փուլն էր, որի ընթացքում Ղուկասյանը հարցեր ուղղեց վկաներից Գնել Մանուկյանին:
«Դուք լսե՞լ եք, որ Հենրիկ Գասպարյանին ասում են «տոռմուզ Հենդո»,-ասաց Ղուկասյանը:
Վկան արձագանքեց, որ լսել է, ավելին էլ է լսել, բայց չի ուզում բարձրաձայնել: Այնուհետև Վարդան Ղուկասյանը շարունակեց հարցեր ուղղել նրան։
«Դուք լսե՞լ եք, որ ես ասել եմ` հենց մտա քաղաքապետարան՝ Հենրիկին գործից պիտի հանեմ», – հարցրեց Ղուկասյանը, ինչին վկան դրական պատասխան տվեց:
Վարդան Ղուկասյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան տեղյա՞կ է, որ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել նոր ճարտարապետ փնտրելու մասին, որպեսզի Հենրիկ Գասպարյանին ազատեն աշխատանքից, այդ հարցին վկան ևս դրական պատասխանեց:
«Ես ամեն շաբաթ 150 հոգի մարդ եմ ընդունել, ես արագ կարգով լուծումներ տվե՞լ եմ, թե ոչ ապօրինի կառույցների մասով»,-վկային հարցրեց Վարդան Ղուկասյանը և կրկին դրական պատասխան հնչեց:
Վարդան Ղուկասյանը վկայից հետաքրքրվեց նաև, թե արդյոք նա լսել է, որ ինքը դիմել է վարչապետին, որպեսզի երկարաձգեն Գյումրիում ապօրինի շինությունների օրինականացման ժամկետները և որոշում է կայացվել երկարաձգել: Վկան արձագանքեց, որ լսել է և հավելեց, որ այդ կերպ համայնքի բյուջեն զգալի ավելանալու էր:
«Դուք լսե՞լ եք, որ քաղաքում խոսում են այն մասին, թե Հենրիկ Գասպարյանը գործեր է տալիս դատախազություն և «КГБ»»,-հարցրեց Վարդան Ղուկասյանը։
Վկան արձագանքեց. «Հստակ չեմ հիշում, աղոտ, օդում կախված լուրերի համաձայն, բայց որ «տոռմուզ Հենդո» անունը բնորոշում է էդ մարդուն դա հաստատում եմ»:
«Հետևաբար, ես գիտենալով, թե ով է այդ մարդը, կարո՞ղ էի Գասպարյան Հենրիկի հետ տենց բան խոսայի, ես՝ 65 տարի ապրած մարդ»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Հենրիկ Գասպարյանը Գյումրու գլխավոր ճարտարապետն է, որը ևս մեղադրրյալի կարգավիճակ ունի այս քրեական գործով:
Հասմիկ Սարգսյան









