«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ դադարեցնում է աշխատանքը Սոթքի հանքում ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում:
Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Մի խումբ կողմնակի անձիք, որոնք ոչ մի առնչություն չունեն «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ակտիվների և աշխատողների հետ, մի քանի օրերի ընթացքում փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները և պարալիզացրել են հանքի և Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի աշխատանքը։ Այսօր կանգ է առնելու նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքը։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։
Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձիք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։
Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։









