Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:
«Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհդակցությունների արդյունքում պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի հաշվետվությունների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրկան աճ, այդ թվում ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշներ, որոնք սակայն ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,-ասաց Կարապետյանը:
Գործադիրի ղեկավարը Տարածքային կառավարման և զարգացման, Ֆիննասների նախարարներին, ինչպես նաև մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին և իրականցրած աշխատանքների մասին ներկայացնել հաշվետվություն Կառավարության աշխատակազմ:
Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարեց մարզպետարանների աշխատակազմի և ենթակայության տակ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխություններին:
Vesti.am









