Հայտնի է դարձել, որ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որն, ըստ այս կառույցի, հնարավորություն է տալու ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Նկատենք, որ նախագիծը, որը մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների, քաղաքապետարանի, մարզպետարանների և պետական ուսումնական հաստատությունների ներգրավմամբ ու դրանց կարծիքը հաշվի առնելով, իսկապես կարող է առաջընթաց քայլ լինել համակարգում արդարության հաստատման ու կրթության էֆեկտիվությունը բարձրացնելու տեսանկյուինից:
Ամեն բան կարող էր իդեալական լինել, եթե չլիներ մեկ տհաճ իրողություն, որը բացարձակապես չի տեղավորվում հայաստանյան սոցիալ-տնտեսական իրականության տրամաբանության մեջ: Կառավարության նույն նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նախնական մասնագիտական կրթական ծրագրով նվազել է 100–ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413–ով:
Այն, որ անվճար տեղերի կրճատումը կարող է հանգեցնել սոցիալական հավելյալ լարվածության՝ հաշվի առնելով այն, թե սովորաբար Հայաստանում ինչ սոցիալական շերտի են պատկանում նախնական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացող ուսանողների ընտանիքները, ակնհայտ է: Թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր ցանկանում են ինչ-որ մասնագիտություն ձեռք բերել, սակայն ինչ-ինչ պատճառներով վճարունակ չեն, պարզ չէ: Սակայն հիմնական մտավախությունը կայանում է նրանում, որ տեսանելի ապագայում նույն Կառավարությունում կարող են և չբավարարվել ասենք միջին մասնագիտական կրթական ծրագրերում սովորղներով, ու բանը հասնի բուհական համակարգին, ինչն, անկասկած, կարող է բերել շատ վատ հետևանքների. «անվճար ուսում» հասկացությունը Հայաստանում կարող է անհետանալ: Հավատացե՛ք, հարկ եղած դեպքում դրա համար էլ պատճառ կգտնեն, չգտնելու դեպքում էլ կհորինեն…
Մնում է միայն հուսալ, որ վերոհիշյալ ցավալի իրողությունը մեզանում տենդենցի չի վերածվի, ու Կառավարությունը կբավարարվի այսքանով՝ չնայած ասում են՝ լավատեսության հիմքեր քիչ կան. չէ՞ որ սա Հայաստանն է:
Հրանտ Դալլաքյան