Foto

Սևանից կարող է հավելյալ ջրառ իրականացվել

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ոռոգման սեզոնի հետ կապված վարչապետի հետ խորհրդակցություն են անցկացրել, որտեղ ներկայացրել են, թե  ինչ աշխատանքներ են կատարել գարնան նախապատրաստական աշխատանքների հետ կապված։

«Դա ջրամբարների վերականգնումն է,  ջրամբարների մաքրման աշխատանքները, ներկայացրել ենք ջրամբարների թերլցվածության վերաբերյալ տեղեկատվություն, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն խնդիրը վերացնելու համար՝ ներառյալ խորքային հորերի հորատումը, հորերի վերականգնումը,  ինչպես նաև շարժական պոմպերի տեղադրումը»,-նշեց նա, հավելելով, որ վարչապետի հանձնարարականով պատրաստվում են իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ ոռոգման սեզոնին ջրամատակարարում ապահովելու համար։

«Ներկայումս ջրամբարները լցված են 39 տոկոսով, 2017-ին 46 տոկոս էր,  իսկ 2016-ին՝  58 տոկոս, այսինքն  մոտ 19 տոկոսով ավելի պակաս ջուր ունենք, քան պետք է ունենայինք: Եթե այս տեմպով շարունակվի,  ստիպված ենք  դիմել ԱԺ,  որ համաձայնություն ստանանք Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու համար:

Այս պահին վաղ է խոսել այդ մասին, քանի որ ըստ հիդրոմետի՝ անձրևաշատ ապրիլ է սպասվում, բայց եթե այլ կերպ լինի,  անկախ մեր կամքից պետք է հավելյալ ջրառ իրականացնենք»,-եզրափակեց Հարությունյանը:

Vesti.am