Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Սարկոզիին ձերբակալել են նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննության համար: Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, 2013 թվականից իրավապահները հետաքննում են Սարկոզիի 2007-ի նախագահական քարոզարշավում տեղ գտած հնարավոր խախտումները: Մեղադրող կողմը պնդում է, որ 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից:
Ուշագրավ է նաև այն, որ ամիսներ առաջ՝ հունվարին, Լոնդոնում Ֆրանսիայի տված օրդերով ձերբակալվել էր Սարկոզիի նախկին օգնական, գործարար Ալեքսանդր Ջուրին, ով էլ, ըստ մեղադրող կողմի, համակարգել է Լիբիայից ստացված միլիոնների ապօրինի շրջանառությունը:
Այսպիսով՝ իրավապահները պնդում են, թե նախկին նախագահի ու նրան սատարողների կողմից տեղի է ունեցել փաստաթղթերի կեղծում, ու քարոզարշավի ընթացքում ծախսվել է ավելին, քան թույլատրված է ֆրանսիական օրենքով:
Ի դեպ՝պետք է նկատել, որ սա Սարկոզիի դեմ հարուցված միակ գործը չէ. 2014-ին նույնպես ձերբակալել էին։
Չնայած ընդունված է Արևմուտքը համարել օրենքի գերակայության ու բացարձակ գերիշխանության գլխավոր կենտրոնն աշխարհում, ուր օրենքի առաջ հավասար են համարվում բոլորը, սակայն, պետք է հստակորեն գիտակցել, որ նանատիպ իդեալիստական ու նույնիսկ շատ իմաստներով ուտոպիստական պատկերացումները հատկապես հետխորհրդային տարածքում իրականում հանդիսանում են արևմտյան պրոպագանդայի բնական հետևանք՝ շատ դեպքերում հեռու իրականությունից: Իհարկե, օրենքի գերակայության իմաստով դժվար թե որևէ մեկը հանդգնի զուգահեռներ անցկացնել նույն հետխորհրդային երկրների ու զարգացած աշխարհի միջև, սակայն հարկավոր է գիտակցել, որ այնտեղ նույնպես օրենսդրական լծակները հաճախ կիրառվում են քաղաքական նպատակներով:
Սարկոզիի հետ տեղի ունեցող այս ողջ թոհուբոհի հետ կապված գլխավոր հարցը, թերևս, այն է, թե իրականում որն է ոմանց՝ Սակոզիին փաստի առաջ կանգնեցնելու ցանկության դրդապատճառը: Խնդիրն ընդամենն օրենքի տառին հավատարիմ մնա՞լն է, թե՞ այս ամենում, այնուամենայնիվվ, առկա են քաղաքական դավադրության յուրատեսակ տարրեր:
Իհարկե, միանշանակ գնահատական տալը ստեղծված իրավիճակին մի փոքր դժվար կլինի, սակայն ակնհայտ է, որ Սարկոզիի հետ տեղի ունեցածում դիվիդենտներ քաղողներ նույնպես կարող են լինել՝ մանավանդ հաշվի առնելով Արևմուքում այժմ ստեղծված այն նուրբ իրավիճակը, որը գոյացել է մի շարք գործոնների ազդեցության հետևանքով: Ո՞վ է Սարկոզին: Նա աջ կենտրոնամետ գործիչ է, ով, ըստ էության հանդես է գալիս այլընտրանքի դերում թե՛ հիմա՝ Մակրոնի օրոք ու թե՛ այլընտրանք էր հանդիսանում Օլանդին՝ գործիչների, ովքեր վայելել ու վայելում են արևմտյան էլիտաների կոնկրետ շրջանակների համակրանքը: Էլիտաների այդ թևը պայմանականորեն կարելի է անվանել «լիբերալներ»՝ հակառակ մյուս թևի, որոնք հանդես են գալիս պահպանողականության դիքրերից: Ահա Սարկոզին գլխավորապես հանդիսանում է այդ պահպանողական վերնախավի հովանավորյալներից մեկը ֆրանսիական քաղաքականությունում, ասենք նույն Ֆիոնի հետ միասին:
Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել այժմ արևմտյան էլիտաների երկու հիմնական ճամբարների՝ լիբերլաների ու պահպանողականների միջև: Պետք է նկատել, որ, ինչպես նշում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, այժմ աշխարհում նկատվում է լիբերալիզմի դանդաղ, բայց հաստատուն անկում: Նույն Ֆրանսիայում, հանրահայտ բան է, նույնիսկ ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն դավանողներն են սկսել բավական մեծ ժողովրդականություն վայելել՝ պայմանավորված հատկապես Եվրոպայում առկա «փախստականների ճգնաժամով»: Իսկ սա նշանակում է, որ լիբերալ էլիտաները, որոնց կենտորնն, ինչպես հայտնի է, Լոնդոնն է, կանգնած են իսկական փորձության առաջ. այժմ հարկավոր է ամեն գնով պահպանել եղածը, մանավանդ որ վերջին շրջանում հակառակ թևը կարողացել է ապացուցել սեփական կենսունակությունն ու ինչ-որ իմաստով ռեվանշի է հասել լիբերալների նկատմամբ. Թրամփի հաղթանակն՝ ԱՄՆ-ում, Անգելա Մերկելի՝ հավերժական թվացող իշխանությունը՝ Գերմանիայում, Բեռլուսկոնիի քաղաքական կարիերայի վերածնունդն՝ Իտալիայում, Ռուսստանում պահպանողականության ծաղկումն այդ ռեվանշի շոշափելի արդյունքներն են դարձել:
Սարկոզիին, ով չի թաքցնում իր քաղաքական հավակնություններն ու ով ինչ-որ պահի կարող է պահպանողականների կողմից ապագայում դիտարկվել որպես այլընտրանք նույն Մակրոնին, վարկաբեկելը կարող է ձեռնտու լինել հենց լիբերալներին հատկապես այն ամենի ֆոնին, ինչին ականատես ենք դառնում թե՛ Եվրոպայում ու թե՛ մերձավոր Արևելքում: Այժմ Լոնդոնը Մոսկվայի դեմ պայքարելու համար սեփական ուժերն է կենտրոնացնում բոլոր ուղղություններով ու ապագայում տհաճ անակնկալներից խուսափելու համար, ըստ էության, հենց այսօրվանից է կանխարգելիչ քայլեր ձեռնարկում՝ ելնելով սեփական հեռահար աշխարհաքաղաքական նպատակներից: Այժմ Սիրիայի հարցում խաղաղության կոչերը և կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու մասին խոսակցություններն արևմտյան դաշնակիցների շրջանում բացարձակապես չեն բխում անգլոսաքասոնական թևի շահերից. ամեն ինչ արվում է Ֆրանսիայում ամերիկյան սցենարի կրնությունից խուսափելու համար, երբ հակառակ բոլոր սպասումների, նախագահ հռչակվեց հենց պահպանողականների կադր համարվող Թրամփը:
Ինչ խոսք, ասվածը չի նշանակում,որ Սարկոզիի դեմ նեկայացվող մեղադրանքները ծայրից ծայր կարող են շինծու լինել: Բնավ ոչ: Պարզապես կարևոր է հասկանալ, թե ինչու է հենց հիմա որոշելվել Սարկոզիին ներքաշել նմանատիպ պատմությունների մեջ՝ ըստ էության, մեկընդմիշտ ու անդառնալի կեպով վարկաբեկելու աջակողմյան գործչի հեղինակությունը:
Մեկ բան ակնհայտ է՝ տեղի ունեցածը բնավ ինքնաբուխ երևույթ չէ ու շատ լավ տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ:
Հրանտ Դալլաքյան