Foto

ՌԴ-ի կողմից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է

Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե գաղտնիք չէ, որ երկրի տնտեսական հիմնասյուներից մեկն անկախ և կայուն էներգետիկ համակարգ ունենալն է:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունը՝ Հայաստանն Իրանի հետ ինչ նոր գազիֆիկացման ծրագրեր ունի:

«Միանշանակ այո, Հայաստանը պետք է դառնա տարանցիկ միջանցք գազի փոխադրման համար»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այսօր գործող տեխնոլոգիաները և առկա հզորությունները թույլ են տալիս գազը «տարանցել» ամենևին էլ ոչ ֆիզիկապես:

Նա բացատրեց, որ դա նշանակում է՝ Իրանից կոնկրետ Վրաստան գազ տարանցելու համար բացարձակապես անհարժեշտ չէ ՀՀ տարածքով խողովակաշար կառուցել:

«Արդեն բազմաթիվ երկրներում օգտագործվում է «Սվոբ» ծրագիրը: Մենք կարողանում ենք տեսականորեն Իրան-Հայաստան սահմանին գազ ստանալ, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Այսինքն՝ այստեղ լրացուցիչ արդյունաբերական կամ տարանցիկ հզորություններ կառուցելու որևէ անհրաժեշտություն չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այստեղ «մեխը» բնական գազի գնի մեջ է՝ որքանով են պայմանները և գինը մրցակցային: Նախարարն ասաց, որ առաջարկվող գները՝ նաև Թուրքմենստանից, մրցունակ չեն այսօր իրենց կողմից ստացվող գազի գնի հետ: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ այսինքն՝ ՌԴ-ի կողմից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է:
 Vesti.am