Foto

Գյումրիում ցանկանում են խոհարարական դպրոց հիմնել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են նաեւ ֆրանսիական «Paul Bocuse» խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը եւ այլք: Այդ մասին  տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու են «Paul Bocuse» ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել եւ կարևորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը: