Գեղարքունիքի մարզկենտրոնում ուսուցողական կենտրոնում կայացել է Գավառ համայնքի զբոսաշրջության ռազմավարության մշակմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները վեր են հանել զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրները, ներկայացրել առաջարկություններ և հնարավոր լուծումներ։
Հանդիպման արդյունքում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի համայնքի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակմամբ։
«Արդեն մեկնարկել է ռազմավարության մշակման գործընթացը, որի նպատակն է բացահայտել համայնքի զբոսաշրջային ներուժը և ապահովել դրա կայուն զարգացումը։ Մենք ունենք բնության ու պատմության հրաշալի հուշարձաններ, որոնք գրավիչ են ցանկացած երկրից ժամանած զբոսաշրջիկներ համար։ Գավառի երկրագիտական թանգարանը, Սևանա լիճը, Գեղամա լեռնավահանն իր բարձրաբերձ կատարներով, ալպյան մարգագետիններով, համայնքի տարածքում առկա երկու տասնյակից ավելի բերդ-ամրոցների ավերակները, վանքերն ու եկեղեցիները, օրեցօր ավելացող հյուրատները, այլ գրավչություններ հիանալի նախադրյալներ կարող են ստեղծել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Իսկ դրա համար հարկավոր է առկա զբոսաշրջության ներուժի համախմբում, պատմության ու բնության հուշարձանների հանրահռչակում՝ պահանջված չափով։ Իհարկե, մշակված ռազմավարությունը կպահանջի նաև համապատասխան չափի ներդրումներ, որոնք գտնելու համար ևս պետք է գտնենք համապատասխան աղբյուրները»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։









