Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը:
Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկայի հատկացվող նշանակությանը։









