Այսօրվա նիստում գործադիր մարմինը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին։ Ըստ այդ նախագծի նախատեսվում էր միասնական հնգօրյա ժամկետ սահմանել նպաստներ նշանակելու, այն դադարեցնելու կամ մերժելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջարկվող իրավական նորմերը չեն բխում «Պետական նպաստների մասին» օրենքի տրամաբանությունից, միջազգային պրակտիկայի և սոցիալական քաղաքականության սկզբունքներից ու նպատակներից։
«Օրենքով նախատեսված է 11 տեսակի պետական նպաստներ, որոնք ունեն նշանակման, դադարեցման կամ մերժման իրենց ժամկետները՝ կախված իրենց առանձնահատկություններից, տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ ժամկետներից եւ պետական մարմինների տվյալների բազայում հաշվառման համար»,- ասաց նախարարը՝ որպես օրինակ մատնանշելով, որ ընտանեկան նպաստի հաստատման համար անհրաժեշտ է գնահատել տվյալ ընտանիքի սոցիալ–տնտեսական վիճակը, ինչի նպատակով տարեկան կատարվում են շուրջ 300 հազար տնայցեր: Երբեմն, ըստ նախարարի, պահանջվում են պարբերական այցեր: