Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած այլանդակ միջադեպը, որի տեսագրության պատառիկն արդեն հասցրել է դառնալ համացանցային աննախադեպ հիթ, իսկական շոկ է դարձել: Հասկանում ենք «Երկիր ծիրանիի» ու, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի անհագուրդ ցանկությունն՝ ինչ-որ կերպ դաշտում ինքնահաստատվելու, ինչը, թերևս, թերարժեքության առաջնային ախտանշան պետք է դիտարկել: Սակայն այն խայտառակ մեթոդոլոգիան, որն այս ուժն ընտրել է դաշտից չանհետանալու ու կենդանության նշաններ ցույց տալու համար, չի տեղավորվում որևիցե բարոյական նորմերի ծիրից ներս: Ի գիտություն ոմանց՝ կոյուղին ու դրա գարշելի պարունակությունը չեն կարող քաղաքական կատեգորիա համարվել՝ որքան էլ ոմանք փորձեն այդ ամենին քաղաքական իմաստ հաղորդել: Բոլոր դեպքերում հարկավոր է պահել կոռեկտությունն ու ավելորդ լրբություն չանել, նույնիսկ, եթե դու «Երկիր ծիրանին» ես, նույնիսկ, եթե ինչ-որ կերպ գոյություն պահպանելու խնդիր ունես:
Բայց անկախ ամեն ինչից՝ խոսք չկա, որ այս ֆորսմաժորային իրավիճակն ու դրա ընթացքում տեղ գտած անբարո երևույթները չեն կարող անհետևանք մնալ. պետք է ոչ թե զվարճանալ կամ ուղղակի հայհոյել, այլ շատ կոնկրետ հետևություններ անել այն պայթյունավտանգ իրավիճակից, որ ստեղծվել էր քաղաքապետարանում փետրվարի 13-ին:
Այս միջադեպը, որն, անկասկած, ունի մուլտիպլիկատիվ էֆեկտի ներուժ, իրականում յուրատեսակ «առաջին կայծի» դեր կարող է խաղալ: Համենայնդեպս՝ այն կազմակերպողները հենց այս հույսով էին քաղաքապետի ուղղությամբ գարշանք տարածում ու փորձում նրան թիրախավորել: Գլխավոր հարցն այստեղ, սակայն այն չէ, թե ինչու էին բողոքավորներն իրենց բողոքն արտահայտելու հենց նման մեթոդ ընտրել, այլ այն, թե ինչն էր ստիպել նրանց «պայթեցնել» քաղաքապետարանը: Արդյոք կա՞ն օբյեկտիվ հիմքեր ենթադրելու, որ քաղաքապետարանի օրինակով մի օր էլ ողջ երկիրը կարող է պայթել ու դառնալ համաշխարհային «թամաշա»: Կասկած չկա, որ նման նախադրյալներ կան՝ նախադրյալներ, որոնք ունեն միանգամայն սուբյեկտիվ ծագում, ու որոնք շատ դեպքերում արդյունք են շարքային չինովնիկի անգործության, խնդիրը լուծելու փոխարեն իմիտացիա կազմակերպելու, հարց կարգավորելու փոխարեն սեփական անգործությամբ նորերը ծնելու: Այսօր չկա գեթ մեկ ոլորտ, ուր կուտակված չլինեն տասնամյակներով իրենց լուծմանը սպասող պրոբլեմներ՝ սկսած «Նաիրիտից»՝ վերջացրած թեյի անալիզով:
Իրականում Փոստանջյանն իշխանություններին փորձում է դիլեմայի առաջ կանգնեցրել. կա՛մ պարզապես բոլոր հնարավոր մակդիրների գործածությամբ դատապարտողական հայտարարություններ անել ու այդքանով փորձել թեման փակել, կա՛մ կոնկրետ հետևություններ անել ու լուծել երկրում կուտակված խնդիրները: Այսօր քաղաքապետարանում է իրավիճակը պայթյունավտանգ, վաղը կարող է ողջ երկրում անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել ու այն էլ մի պարագայում, երբ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է: Այսինքն՝ խնդիրը, ըստ էության, այլևս ազգային անվտանգության հարթությունում է ու շատ ավելի գլոբալ է, քան ոմանց կարող է թվալ:
Եթե ծիրանն է կարողանում երկրում իրավիճակ թեժացնել, ապա ի՞նչ կարող են անել շատ ավելի բարդ գենետիկական կառուցվածք ունեցող բանջարաբոստանային կուլտուրաները. ա՛յ սրա մասին է պետք մտածել ու կանխարգելիչ քայլեր ձերնարկել…
Հրանտ Դալլաքյան