Չգիտես՝ հայաստանյան մեռյալ դաշտին նոր շունչ հաղորդելու ցանկությո՞ւնն է պատճառը, թե՞ իսկապես ՀՅԴ-ում ինչ-որ բան է կատարվում։ Սակայն շատերը կհամաձայնեն, որ վերջին շրջանում այս կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրա առանձին ներկայացուցիչներ կարծես սկսել են անսովոր ակտիվություն դրսևորել:
Արմեն Ռուստամյանը բավական հետարքրական շեշտադրումներով հարուստ հարցազրույց է տվել, որտեղ սեփական կուսակցության դիրքորոշումն է հայտնել որոշ կարևոր հարցերի վերաբերյալ: Նա մի կողմից հույս է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը շնորհիվ խորհրդարանական կառավարման համակարգի, որը, բնակաբար, անհամեմատ դեմոկրատական է, շուտով կառավարվելու է արևմտյան աշխարհի տնտեսական գլխավոր լոկոմոտիվներից մեկի՝ Գերմանիայի տնտեսության օրինակով, ապա խոսելով վերջին շրջանում թոփ թեմաների շարքին դասվող ռեյտինգային ընտրակարգի վերցաման-չվերացման մասին՝ կրկին հաստատել ՀՅԴ վճռակամությունն այս հարցում առ այն, որ ռեյտինգայինն ուղղակի ապագա չունի:
ՀՅԴ նմանօրինակ ակտիվությունը անխուսափելիորեն բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ կապված թե՛ սույն կուսակցության ներկայի ու թե՛, որ երևի թե առավել կարևոր է, ապագայի հետ: Հարց համար առաջին՝ ՀՅԴ-ն այս ամենն ինքնագլո՞ւխ է ձեռնակել ու իրականացնում, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ թելադրանքով՝ փորձելով իբր քաղաքական աշխույժ կյանքի իմիտացիա ստեղծել դաշտում՝ «Ելքի» հետ միասին: Հարց երկորդ՝ եթե, այնուամենայնիվ, ՀՅԴ-ի հայտարարություններն իսկապես սրտաբուխ են ու միանգամայն անկեղծ, ապա ինչի՞ մասին են դրանք վկայում: Միգուցե ՀՅԴ-ն այլևս ինտուիտիվ մակարդակո՞վ է զգում այն, որ մոտենում է մի ժամանակաշրջան, երբ ինքն այլևս ՀՀԿ-ին պետք չի գալու ու հիմա փորձում է ինչ-որ մեսիջներ ուղարկել գերիշխող քաղաքական ուժին: Եվ վերջապես, բոլորովին էլ չի բացառվում, որ դիցուք Ռուստամյանի հայտարարությունները վկայեն այն մասին, որ ՀՅԴ-ն կարող է շուտով նաև ընդդիմություն դառնալ, իսկ Ռուստամյանն ընդամենը նախապատրաստում է սեփական կուսակցությանը ոչ այնքան հաճելի կացությունում հայտնվելուն: Եթե հիմա տպավորություն չստեղծեն, թե իբր ոչ մի կերպ համաձայն չեն ՀՀԿ կողմից վարվող քաղաքականության մի շարք կետերի հետ, իշխանությունից ընդդիմություն դառնալու ուղին այնքան էլ կարող է հարթ ու «տրամաբանված» չստացվել՝ կուսակցության համար դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով հանդերձ:
Թե ինչ ճակատագիր է սպասվում Ռուստամյանի կուսակցությանն ապագայում, իհարկե, կարող է միայն ժամանակը ցույց տալ, սակայն եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ու Ռուստամյանը, իրոք, կամաց-կամաց փորձում է հիմք ստեղծել ՀՅԴ-ի՝ իշխանությունից հեռանալու համար։ Ապա գլխավոր հարցն այստեղ դառնում է, թերևս այն, թե ապագայում ո՞վ կգրավի կոալիցիոն գործընկերոջ դերը, եթե իհարկե, ՀՀԿ-ն առհասարակ չհրաժարվի գործընկեր ունենալու մտքից: Մի՞թե, այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքը…
Հրանտ Դալլաքյան