Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ ԱԺ-ն ընդունել էր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը բխում էր կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ցանկից: Դրանով նախատեսվում էր հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը՝ այդ թվում նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել՝ օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:
Եվ ահա պարզվում է, որ փետրվարի 8-ից փողոցներում, բավական ծածուկ վայրերում, աչքից հեռու տեղերում, այլևս կիսագաղտնի կամ խիստ գաղտնի պայմաններում դիցուք տեղադրվելու են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր, որոնք, ըստ նույն ոստիկանության կողմից բերվող հիմնավորման, իբր էապես նպաստելու են երթևեկության կանոնակարգմանն ու նվազեցնելու են ճանապարհային դժբախտ պատահարների քանակը:
Իհարկե, ոչ ոք անվտանգ երթևեկությանը դեմ լինել չի կարող, սակայն համաձայնեք, մի փոքր կասկածելի են թվում այն ձևերն ու մեթոդները, որոնց միջոցով նույն ոստիկանությունը փորձում է իբր ավելի անվտանգ դարձնել երթևեկությունը: Բանն այն է, որ սույն միջոցառման արդյունավետության հարցում բավական լուրջ կասկածներ կան: Մասնավորապես՝ հարց է առաջացնում այն, թե ինչու են համապատասխան սարքավորումները վարորդներից գաղտնի տեղադրվելու, և այդ գաղտնիությունը կոնկրետ ինչ խնդիր է լուծելու: Եթե հարցը դժբախտ պատահարների կանխարգելումն է՝ ընդամենն, ապա միանգամայն տրամաբանական կլիներ, եթե նախապես վարորդները տեղեկացված լինեին, թե որտեղ են տեղադրված սարքավրումները, որպեսզի ավելի զուսպ լինեին ճանապարհներին ու չգերազանցեին թույլատրված արագությունը: Իսկ եթե խնդիր կա ընդամենը մարդկանց հանկարծակիի բերելու, փաստացի կեղեքելու, ապա այդ իմաստով, իրոք, թաքնված տեսախցիկներից ավելի լավ գործիք դժվար թե ոստիկանությունը մոգոներ: Շատ լավ են մտածել. քաղաքացին, անտեղյակ լինելով, թե կոնկրետ որ հատվածներում են տեղադրված սարքավորումները, մի պահ իրեն ազատություն կարող է թույլ տալ ու ճիշտ այդ պահին էլ թակարդն ընկնել՝ ստիպված լինելով աստղաբաշխական թվեր մուծվել համապատասխան գերատեսչությանը: Այսինքն՝ թաքնված տեսախցիկները լուծում են ոչ թե անվտանգության խնդիր, այլ ապահովում են ոստիկանության համար հավելյալ եկամուտ՝ մոտավորապես ծխելն արգելող տխրահռչակ օրենքի նախագծի նմանությամբ:
Ցավոք, ևս մեկ անգամ ստիպված ենք ամրագրել, որ սույն քայլը մի կողմից բնակչության նկատմամբ տոտալ վերահսոկղությունն է ուժեղացնելու, մյուս կողմից՝ հնարավորւթյուն է ստեղծելու ոստիկանության համար կողմնակի եկամուտներ ստանալ՝ հաճելին օգտակարի հետ համատեղության սկզբունքով: Մի կողմից իշխանությանն օգտակար է տոտալ վերահսկողությունը երկրում, մյուս կողմից՝ ոստիկանությանը հաճելի է այդ ամենի արդյունքում շատ փող աշխատել:
Կներեք, իսկ ո՞ւր է այստեղ հասարակ քաղաքացու շահը…
Հրանտ Դալլաքյան