Foto

Ալիևի սենսացիոն որոշումը.  ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Ալիևի կողմից նոր հրամանագրի ստորագրումը, որի համաձայն՝ հոկտեմբերի փոխարեն ապրիլի 11-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, պարզկա երկնքում բոլորովին չսպասված ամպրոպի  էֆեկտ է թողել լրատվական դաշտում:

Թե հատկապես ինչով է պայմանավորված Ալիևի այսօրինակ անակնկալը, փորձագիտական շրջանակները դժվարանում են կոնկրետ պատճառներ մատնանշել՝ միևնույն ժամանակ, սակայն, հստակ ցուցանելով բոլոր այն ներքին ու արտաքին գործոնները, որոնք կարող էին ստիպել պուճուր խանին գնալ նման կտրուկ քայլի. դիվանագիտական ճակատում Ադրբեջանի փաստացի պարտությունը, որի արդյունքում այսօր հնարավոր է դարձել զսպել ազերիների ախորժակը, Արևմուտքի կողմից Ալիևի կերպարի՝ այլևս անընկալելի դառնալը թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյուններից, Թուրքիայի փաստացի ֆիասկոն Սիրիայում, ուր այս երկիրը բառացիորեն թաղվել է քրդական ցեխի մեջ՝ առանց դրանից արագորեն դուրս գալու որևիցե հեռանկարի, ինչպես նաև ներքին ծանր իրավիճակը  (ֆինանսական համակարգը հայտնվել է փլուզման եզրին, ներքաղաքական զգայուն իրավիճակ է երկրում, սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկումը ոչ մի կերպ կանգ չի առնում, ժողովրդական դժգոհություններն ավելանում են և այլն) ակնհայտորեն հարկադրել են Իլհամին ժամանակից առաջ ընկնել ու ծանր որոշում կայացնել:

Իսկ թե կոնկրետ ինչ հետևանքների կարող է բերել  այս քայլը, առայժմ դժվար է ասել: Փորձագիտական շրջանակները տարօրինակ կամ միանգամայն տրամաբանված կապ են տեսնում ներհայաստանյան ապրիլյան իրադարձությունների ու Ադրբեջանի նախագահի որոշման միջև: Դժվար է ասել, թե արդյոք իսկապե՞ս Ալիևի ներշնչանքի աղբյուրը հանդիսացել է հենց հայաստանյան սպասվելիք իրադարձությունները, թե՞ մեկ այլ բան, սակայն ակնհայտ է, որ ներկայիս Ադրբեջանի ու ներկայիս Հայաստանի ներքին իրավիճակների միջև հստակ նմանություն է նկատվում. երկու երկրներում էլ առկա իշխանական համակարգը չի կարողանում գոնե նվազագույն կերպով լուծել այն խնդիրները, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն, բնակչությունը դժգոհ է սեփական իշխանությունից և այլն: Միգուցե Ալիևը Հայաստանի օրինակով հասկացել է, որ առանց ցավոտ փոփոխությունների անհնար է լինելու իրավիճակ շտկել, միգուցե և այդ որոշումը կապ ունի բացառապես սեփական վերարտադրության պրոցեսն արագացնելու հետ, և վերջապես բոլորովին չի բացառվում՝ թե՛ Հայաստանում ծայր առած գործընթացները, թե՛ Ադրբեջանում տեղի ունեցող անակնկալ զարգացումները միևնույն անքակտելի պրոցեսի առանձին դրսևորումներ լինեն՝ թելադրված դրսից: Բացառված չէ, որ նույն այդ արտահերթ ընտրությունների հետևանքով  Ադրբեջանում ներպալատական հեղաշրջում տեղի ունենա, ու Ալիևին փոխարինելու գա նրա սեքսուալ տիկինը (Լուկաշենկո՛, գինի՛ լից…), ով, ինչպես հայտնի է, Ալիևների կլանին հակոտնյա համարվող Փաշաևների կլանի ամենավառ ներկայացուցիչն է: Բացի այդ կարող է նաև պատահել այնպես, որ Ալիևին Ալիևայով փոխարինելու դրսերի որոշումը պայմանավորված լինի արցախյան հակամարտության գործոնով: Ապրիլից Հայաստանի նախագահ կարող է դառնալ Արմեն Սարգսյանը (ճիշտ է՝ նա դեռ պաշտոնապես չի հայտարարել իր որոշման մասին), ով, ինչպես հայտնի է, հարկ եղած դեպքում կարող է համապատասխան բանակցություններ վարել Ադրբեջանի հետ արցախյան թեմատիկայով: Եվ ահա հնարավոր է՝ արցախյան գործընթացը  ճահճից դուրս բերելու համար նույն աշխարհաքաղաքական կենտրոնները որոշել են թարմացնել նաև ադրբեջանական իշխանական վերնախավն ու դրան տալ կանացի հմայք: Այլ խոսքով՝ ժնևյան գողտրիկ այգում Ալիևի բարձր տրամադրության պատճաներից մեկն էլ կարող էր հենց  սա լինել (նրա համար փայլուն հնարավորություն է ստեղծվելու վերջապես հանգիստ խղճով վայելել  թալանած սեփական միլիարդները):

Ասվածը, սակայն չի բացառում ճիշտ հակառակի հնարավորությունը. ապրիլին նախագահական ընտրութունների նշանակումը,  հնարավոր է, պայմանավորված է  Ալիևի զգուշավորությամբ՝ խուսափելու Ալիևայի  նախագահության ստվերից, անակնկալի բերելու նրանց, ովքեր կանգնած են սեփական տիկնոջ հետևում ու շտապում են օր առաջ նրանով փոխարինել ներկա նախագահին:

Կա ևս մեկ տարբերակ, որը կարող է ընկած լինել ժամանակից շուտ ընտրությունների գնալու Ալիևի որոշման հիմքում: Չի բացառվում, որ սա փորձ է՝ կանխելու հավանական գունավոր հեղափոխությունն Ադրբեջանում: «Արաբական գարնան» սցենարի կրկնության մասին խոսում են  վաղուց, իսկ հաշվի առնելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ներկա մակարդակն ու բնույթը՝ լիովին բացառել հեղափոխության տարբերակը ոչ մի կերպ չէր կարելի: Հնարավոր տարբերակ է այն, որ Ալիևը, գնալով արտահերթ ընտրությունների, փորձում է մեկ քայլ առաջ գտնվել իր վախճանը ցանկացողներից:

Մեկ բան հստակ է՝ սույն որոշումը Ադրբեջանի լավ օրից չէ, որ բխում է. երկիրը փաստացի հայտնվել է կոլապսի եզրին, ու պուճուր խանն այլևս ստիպված է իրավիճակից ելքի ուղիներ որոնել՝ հանգամանք, որն, անկասկած, մեզ համար մի կողմից ուրախալի է՝ հասկանալի պատճառներով, մյուս կողմից, սակայն, անկանխատեսելիությամբ լի:

Էռնեստ Ջանփոլադյան