Դիզվառելիքը կշարունակի սուբսիդավորվել: Այդ մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ նախագահի կողմից հանձնարարականի համաձայն՝ վերլուծելով շուկայում տիրող իրավիճակը, գյուղնախարարությունը պատրաստում է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր, որի մեխանիզմների, չափաքանակի և վերջնական գնի մասին կտեղեկացվի հետագայում:
Նախարարը հավելեց, որ դիզելային վառելիքի գինը մինչև 440 դրամ բարձրանալու հեռանկարը չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա։
«Մասնավորապես՝ խողողի, լոլիկի, կարտոֆիլի բերքի արժեքի վրա դիզվառելիքի թանկացումը շատ ազդեցություն չի ունենա՝ մինչև 1-1.5 դրամ: Ցորենի, դաշտավարության և կերային մշակաբույսերի հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա և դրանից ելնելով համարում ենք, որ այս տարի դիզվառելանյութը պետք է սուբսիդավորվի»,- ասաց գյուղատնտեսության նախարարը, հավելելով, որ սպասում են, թե երբ կկայունանա դիզվառելիքի գինը, որպեսզի ճիշտ սուբսիդավորում անեն:
Vesti.am









