Foto

Իրանը պատրաստ է Հայաստանին տրամադրվող գազի արտահանման ծավալները մեծացնել

Թեհրանը Հայաստանի հետ գազի առևտուրը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Ինչպես գրում է «FARS» գործակալությունը՝ այդ մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին:

«Իրանի և Հայաստանի միջև «ապրանք՝ գազի դիմաց» գործարքից բացի՝ Թեհրանը պատրաստ է դեպի Երևան գազի արտահանման ծավալները  մեծացնել»,- ասել է նա:

Գործարքի համաձայն՝ Իրանը  բնական գազի յուրաքանչյուր 1 մլն/խմ դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից :

«Իրանը պատրաստ է Հայաստան արտահանման գազի ծավալները մեծացնել: Արտահանման խողովակաշարերը բավականաչափ հզոր են,  բայց հայկական կողմը չի կարող դրա դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել»,- ասել է Արաղին:

Խոսելով երկու հարևան երկրների միջև իրանական գազի արտահանման ծավալներն ավելացնելու շուրջ բանակցությունների մասին՝ Արաղին նշել է, որ հայկական մասնավոր և պետական հատվածները կարող են Իրանից ավելի շատ գազ գնելու առաջարկով հանդես գալ:

«Մենք պատրաստ ենք նրանց բնական գազ մատակարարել, եթե դրա դիմաց կարողանան վճարել»,- ընդգծել է նա:

Vesti.am