Foto

Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտի Էստոնիայի փորձով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ: Վարչապետներն  անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և ՏՏ դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով:

«Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել ՏՏ ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցում»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար: 

Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար: