Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը ոլորտում բարեփոխումներ մտցնելու անվան տակ իրականում ճիշտ հակառակ նպատակին է ծառայեցվելու: Մասնավորապես` լրջագույն հարցեր են առաջ գալիս` կապված հատկապես եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության հետ, որի պատճառով, տնտեսությունում ներկայումս նկատվող բացասական երևույթները վերանալու փոխարեն է՛լ ավելի են խորանալու:
Հետայսու 50000-ից մինչև 2 մլն ստացող անձիք հարկվելու են մի ամբողջ 28%-ով: Այսինքն` հարկային բեռի թեթևացման փոխարեն դրա անհարկի ծանրացում է լինելու: Սա, ըստ էության, մեկ բան է նշանակում. Հայաստանում ստվերը կրճատվելու փոխարեն միմիայն խորանալու է, ու, այսպես ասած, սպիտակով աշխատողները հայտնվելու են լրջագույն հարվածի տակ` ստիպված լինելով կա՛մ դադարեցնել ՀՀ-ում իրենց գործունեությունը, կամ խախտել օրենքն ու, օրինակ, վերցնել ստվերում ծաղկողներից: Այսինքն` տնտեսությունը կործանող թիվ մեկ խնդիրը` ստվերի հարցը լուծելու փոխարեն նոր հարկային օրենսգիրքը փաստացի նպաստելու է դրա ծավալների մեծացմանը: Չի բացառվում նույնիսկ, որ խոշոր ընկերությունները, խուսափելու համար հարկային հավելյալ բեռից, թեկուզ զուտ ֆորմալ առումով մասերի տրոհվեն ու այդպես իրենք իրենց մատուցեն հարկայինին` խոշոր շրջանառություն ցույց չտալու համար, որպեսզի գոնե այդկերպ հնարավոր լինի խուսափել հարկային հավելյալ բեռից:
Ավելին` նոր Հարկային օրենսգրքով նախատեսվում է նաև 2 մլն դրամից ավելի ստացողներին հարկել 36%-ով: Ճիշտ է` միգուցե ոմանց կարող է թվալ, թե սույն հանգամանքը մեծ թվով քաղաքացիների չէ, որ կարող է առնչվել` պայմանավորված հանրապետությունում միջին աշխատավարձի չափով, սակայն չմոռանանք, որ նման բարձր աշխատավարձ ստացողների բացարձակ մեծամասնությունը հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են, որոնք, ի դեպ, գլխավորապես հենց սպիտակ դաշտում են գործում, խաղում օրենքի թելադրած կանոններով: Արդյունքում կարող է ստացվել այնպես, որ նույն ծրագրավորողը, որի մատուցած ծառայությունները մեծ պահանջարկ են վայելում հատկապես աշխատանքի միջազգային շուկայում, ավելորդ ծաղքերից խուսափելու բնական մղումից դրդված, գերադասի լքել Հայաստանն ու շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել արտերկրում, ուր, բնականաբար, հարկային դաշտը շատ ավելի տրամաբանված է, անհամեմատ ավելի մարդասիրական: Ասել կուզի` տեսականորեն նոր հարկային օրենսգրքի համապատասխան դրույթը հատկապես սպառնում է Հայաստանի ՏՏ ոլորտին (որը, թերևս, միակ կենսունակ բնագավառն է)` այն վերածելով անապատի: «Ուղեղների արտահոսքը», որն առանց այն էլ տարեցտարի է՛լ ավելի սպառնալից ծավալներ է ընդունում, այլևս մասսայական բնույթ կսկի կրել, ու երկիրը մի քանի տարի հետո կզրկվի իր առաջատար կադրերից, տնտեսության հիմնական լոկոմոտիվային ճյուղերից մեկից, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանն առաջիկայում որպես Անդրկովկասի սիլիկոնային հովիտ տեսնելու ոմանց ամպագոռգոռ հայտարարությունների տրամաբանության ծիրից ներս:
Թե տնտեսությունում ինչ պրակտիկ ավերածությունների կհանգեցնի նոր Հարկային օրենսգիրքը` յուր էքստրաօրդինար փոփոխություններով, որոնք, ի դեպ, նկատենք, գովազդելու համար կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայել, պարզ կդառնա թերևս ընթացիկ տարում, բայց արդեն իսկ անզեն աչքով տեսանելի ու կանխատեսելի է, որ հետևանքներն իրոք շատ դաժան են լինելու. մի կողմից` տնտեսությունն է մթագնելու, մյուս կողմից արտագաղթն է ահագնանալու: