Foto

«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի ընթացքում աճել է 8.5 անգամ

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը «Պոբեդա» և «Տարոն-ավիա» ավիաընկերությունների գործունեության արդյունքում 2017 թվականի ընթացքում աճել է 8.5 անգամ: Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է  Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105.664 հազար մարդ, նախորդ տարվա 12.421 հազարի փոխարեն: Աճը 750 տոկոսով պայմանավորված է «Պոբեդա» և «Տարոն-ավիա» ավիաընկերությունների գործունեությամբ»,-ասել է նա:

Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով, 2017 թվականին «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում ուղևորահոսքն աճել է 16.3 տոկոսով, կազմելով 2.44 մլն մարդ, իսկ ապրանքահոսքը՝ 22.1 տոկոսով, հասնելով 22.3 հազար տոննայի:

«Նշված ժամանակահատվածում 18 տոկոսով ավելացել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում թռիչք-վայրէջքների թիվը»,-ասել է նա:

Vesti.am