Foto

Կառավարության կասկածելի որոշումը. ո՞ւմ փողերով են լավություն անում  

Կառավարությունն իր որոշումներով չի դադարում զարմացնել հասարակությանը. դրանցից շատերում տրամաբանության նույնիսկ մեկ հատիկ գտնելը դարձել է մահու չափ դժվար մի բան:

Ինչպես հայտնի է, որոշում է ընդունվել սուբսիդավորել մասնավոր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին` մի ընկերության, որի ձեռքում է գտնվում Հայաստան աշխարհի ջուրը, ու որը նույնիսկ հայկական ծագման չէ: Պարզվում է` օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուրը» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾԿՀ-ի կողմից բավարարվել է: Եվ ահա այս իրողությամբ պայմանավորված` իբր բաժանորդների շրջանում սոցիալական  լարվածություն չառաջացնելու նպատակով որոշում է կայացվել «Վեոլիա Ջրին» տրամադրել սուբսիդիա՝ 2018-ին ևս 180 դրամ սակագինը պահպանելու համար:

Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս քայլը, պետք է նկատել, չափազանց հակասական է իր բնույթով ու վկայում է պետության կողմից վարվող սխալ քաղաքականության մասին: Ինչո՞ւմն է բանը: Խնդիրն այն է, որ պետությունը, լինի Հայաստան, թե Զիմբաբվե, կամ էլ թեկուզ ծաղկուն Մոնակո, բնավ պարտավորված չէ հոգալ մասնավոր ընկերության, որն ընդամենը բիզնեսով է զբաղվում, ծախսերի մասին: Պետությունն այս պարագայում ավելի շատ պետք է պահանջողի դերում հանդես գա, քան դայակի: Ասվածը հատկապես վերաբերում է Հայաստանին, որի բյուջեն, ինչպես հայտնի է, խիստ աղքատիկ է, ու նույնիսկ թոշակները մի լումայով բարձրացնելու համար անհրաժեշտ փող չունենք (ասում են…): Իսկ այս ամենից հետևում է, որ եվրոպացի բիզնեսմենների հանդեպ կառավարության դրսևորած նմանօրինակ հոգատարությունը բոլորովին ավելորդ է. եթե մարդիկ չեն կարողանում բիզնես անել այնպես, որ բավարարված լինեն և իրենք, և՛ պետությունն ու ժողովուրդը, ապա թո՛ղ բարի լինեն` վաճառեն այն մեկ ուրիշի, կամ էլ թող պետությունն իր մեջ այնքան ուժ գտնի, որ ազգայնացնի այս ոլորտն ու ինքը կառավարի այն` հաշվի առնելով յուր հնարավորություններն ու պարտականությունները: Սա, հարգելինե՛րս, կարելի է կոռուպցիայի դասական դեպք համարել` պետական մակարդակով, որը, թերևս, հավելյալ բացատրությունների կարիք է զգում:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարապեյանի հավաստիացումներին, թե սա վերջին տարին է, որ նման բան է արվում, ապա ակնհայտորեն այս հայտարարությունը չի մեղմում կառավարության կասկածելի քայլի  սխալականության աստիճանը. նորմալ մենեջմենթ իրականացնելը լավություն անելու հետ որևիցե կապ չունի. դեռ էն գլխից պետք է մտածեին, թե ինչպես կարելի է անախորժ ու, որ ամենակարևորն է, անտրամաբանական քայլերից զերծ մնալ ու չդառնալ ինչ-որ եվրոպական ընկերության գերին:

Էռնեստ Ջանփոլադյան