Foto

Վարչապետի փեսային հանկարծակիի են բերել.  նման բան նա չէր սպասում

Աղքատության թեման մեր երկրում այն կարևորագույն խնդիրն է, որի շուրջ կարծիք չունենալն ուղղակի անիրական մի բան է. այս ողբերգական երևութի  մասին կարծիք ունեն ինչպես, ասենք, տաքսիստներն ու բանվորները, այնպես էլ ծառայողներն ու կառավարության անդամեները: Սա, եթե կուզեք, համազգային հարց է արդեն վաղուց, ու դժվար է երևակայել մեկին, ով սրա վերաբերյալ որևիցե կարծիք չունենա:

Պարզվում է, սակայն, կա մեկն ու այն էլ Կառավարության մասնիկ հանդիսացող, ով  աղքատության մասին կարծիք հայտնել չի սիրում կամ գուցե առհասարակ չունի: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է` Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոնախարար Հայկ Հարությունյանը:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի աղքատության մասին, քանի որ բոլորը գնաճից դժգոհում են, Հարությունյանը, խուսափելով կարգին պատասխան տալ, շպրտել է. «Որպես Էներգետիկայի փոխնախարար աղքատության մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Որ կողմից էլ հարցին նայես կամ որքան էլ փորձես ըմբռնումով մոտենալ փոխնախարարի կեցվածքին, այնուամենայնիվ, անհնար է նրան հասկանալ: Ճիշտ է` պարզ է, թե ինչու է Հարությունյանը խուսափել լրագրողի հարցին պատասխանելուց (շառից, փորձանքից հեռու սկզբունքն է այստեղ գործել), սակայն  փոխնախարարն էլ կխոստովանի, որ աղքատության թեման չի կարող չգտնվել նաև նման պատասխանատու ոլորտ ներկայացնող մարդու կոմպետենտության սահմաններից ներս. գոնե ինչ-որ բան պետք է ասեր, ինչ-որ կերպ այս սոսկալի վիճակին արձագանքեր:

Իսկ Հարությունյանի կոմպետենտության սահմանները, պետք է նկատել, բավական ընդարձակ են` Սևանի ջրից մինչև Թեղուտ, Ամուլսարից մինչև, ասենք, արևային էներգետիկա: Հարց` ի՞նչ է արել փոխնախարարը կամ կառավարությունն այս ոլորտներում էական աճ գրանցելու համար: Ի՞նչ է արել, որպեսզի համապատասխան ոլորտների զարգացմամբ կանխվեր այն գահավիժումը, որի ականատեսն ենք դարձել ազգովի: Ասենք`Սևանի ջուրը խնայողաբա՞ր են օգտագործում  ու էֆեկտի՞վ, թե՞ այդ պրոցեդուրան (խոսքը Սևանից ջրառի մասին է) նույնպես որոշների գրպանային շահերին է ծառայեցվում: Եվ կամ որքանո՞վ է Ամուլսարի շահագործումն օտարերկրյա ընկերության կողմից առաջիկայում նպաստելու երկրում նույն աղքատության ցուցանիշի նվազմանը: Իսկ միգուցե Հայաստանն այնքան էլ աղքատ բնական պաշարներ ունեցող երկրներից չէ, ու եթե բավարար կամք ու շնորհք ունենային, ապա կկարողանային գոնե այս դժվար ժամանակներում «էշը ցեխից հանել» ու երկիրն այս վիճակին չհասցնել: Տեսնո՞ւմ եք, հարցեր` որքան ասես, իսկ պատասխաններ` 0։

Ցավոք, փոխնախարար Հարությունյանը միակը չէ, ով  փորձում է շառոտ թեմաներից հեռու մնալ. բոլորն են այդպես վարվում`վախենալով հայտնվել Թունելի Հակոբի կամ Խոսրով Հարությունյանի կարգավիճակում: Այնպես որ` վարչապետի փեսային էլ կարելի է հասկանալ, նա էլ է մարդ:

Էռնեստ Ջանփոլադյան