Foto

Բյուջեի նախագիծն ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում. Բաբլոյան

«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար», - նշեց նա:

Բաբլոյանի խոսքով՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ասվում է՝ եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը:

«Բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել: Անկեղծ պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծն ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում», - նկատեց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ բյուջեն ոգևորիչ է, քանի որ դրանում տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր կա, մտահոգիչ է, որովհետև բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես, կրթության ու առողջապահության հանդեպ:

«Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ քաղաքացու առողջության և թե՛ առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ», -  նկատեց նա:

Vesti.am