Foto

Միրումյան. դժվար է ասել, թե 2018-ին քանի տոկոս թանկացում կլինի

«Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, քանի որ մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որով սահմանված է միասնական մաքսատուրք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Լրագրողների այն հարցին, թե հաջորդ տարվա հունվարից ի՞նչ չափի թանկացումներ են սպասվում Հայաստանում, ՊԵԿ պաշտոնյան պատասխանեց. «Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, կամ առհասարակ թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է պատասխանել: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահամանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»: