Foto

Թանկացում 2018. ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրք

ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Սա նշանակում է, որ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանք կմաքսազերծվի ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Դժվար չէ կռահել, որ նման զարգացումների արդյունքում Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում, թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, միս և այլն: Ըստ էության սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք էապես ազդելու են քաղաքացիների կենսամակարդակի վրա սպառման առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնաճի տեսքով:

ԿԲ-ն հայտարարում է, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումից ՀՀ տնտեսությունը կտուժի ընդամենը 0.1%-ով: Պետք է սկսել այն հանգամանքից, որ  2013թ. ներմուծման ծավալներով կշռված ՀՀ միջին մաքսատուրքը կազմել է 3.1%, իսկ ԵԱՏՄ նույն ցուցանիշը՝ 8.14%: Այս պայմաններում մաքսատուրքերի բարձրացումը հանգեցնելու է  բնակչության բարեկեցության կամ սպառողների գնողունակության համամասնական կորուստների:

Սակայն, պետք է նշել, որ 2017թ. առաջին կիսամյակի տվյալները վկայում են, որ ՀՀ առևտրի վերակողմնորոշման հիպոթեզը սկսում է հակառակ դրսևորում ստանալ. այս տարեսկզբին ՀՀ ներմուծման մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը կազմել է 22.2%` 2016թ. գրանցված 30%-ի համեմատությամբ, ուստի  ներմուծման աշխարհագրական կառուցվածքի փոփոխության այս միտումների պահպանման պարագայում ԵԱՏՄ կողմից սահմանված առավել բարձր դրույքաչափերի բացասական ազդեցության դաշտը ընդլայնվելու է՝ հանգեցնելով առավել մեծ ծավալով ապրանքների թանկացմանը:

Այստեղ նաև այլ ռիսկեր են առկա: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որին մենք անդամակցում ենք վաղուց, ունի մաքսային հարաբերությունների դաշտում իր չափորոշիչները: Իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների չափորոշիչները տարբերվում են միմյանցից: Ռիսկերը պայմանավորված կլինեն հենց այս տարբերություններով առաջացած անհարմարություններով: Ռիսկերը կառավարելու համար ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է հստակություն մտցնեն գործընթացում: Ցանկալի է, որ տվյալ պարագայում կողմնորոշվեն՝ ԱՀԿ չափորոշիչներով ու մոտեցումներո՞վ են առաջնորդվելու, թե՞ ԵԱՏՄ: Գլխավոր խնդիրն այն է, թե Ռուսաստանը համաձայնություն կտա՞, որպեսզի ԵԱՏՄ-ն առաջնորդվի ԱՀԿ չափորոշիչներով: Ռուսաստանն այս պահին չի բարձրաձայնել՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ:

Հայաստանի համար ԱՀԿ հետ հարաբերություններում լուրջ խնդիրներ կարող են ստեղծվել, եթե անգամ ԵԱՏՄ-ն չառաջնորդվի ԱՀԿ կանոններով: Մի շարք երկրներ, մասնավորապես Թուրքիան, երբ հարցն իր շահերին է  վերաբերում, չի առաջնորդվում ԱՀԿ չափորոշիչներով, անկախ այն հանգամանքից, որ ինքը ԱՀԿ անդամ է: Հայաստանը, իհարկե, նույնպես ունի ստանձնած պատավորություններ: Չենք պնդի, որ կարելի է ստանձնած պարտավորությունները շրջանցել, բայց կարելի է գտնել այնպիսի ուղիներ, որոնք մեր շահերը չեն ոտնահարի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով տվյալ երկիրը կարող է իր շահերին վերաբերող խնդիրն առաձնացնել և դա պաշտպանել, ոչ թե փոշիացնել, վերածել սուբյեկտիվ շահերի, ինչը յուրաքանչյուր երկրի համար էլ վատ է:

Լիանա Ավետյան