2018թ. մեզ լայնածավալ թանկացումներ են սպառնում՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը: Բովանդակային առումով ընդամենը գործող հարկատեսակների միավորում է տեղի ունեցել, ավելի շատ copy paste է արված, որակական փոփոխություններ, ցավոք սրտի, չկան: Մինչդեռ մի շարք հարկատեսակների առումով արմատական փոփոխությունների կարիք կա Հայաստանում, ընդ որում, մի քանի հարկատեսակներից էլ պետք է ընդհանրապես հրաժարվել, դրանք փոխարինելով ուրիշներով: Մոտ երկու տասնյակ հարկատեսակը նման փոքր տնտեսության համար բավականին խնդիրներ է առաջացնում ու ոչ գրավիչ միջավայր ստեղծում գործարարությամբ զբաղվելու համար: Մասնավորապես, փոքր բիզնեսի համար արտոնագրային վճարների ինստիտուտը, արդեն իր արդիականությունը կորցրել է: Ընդ որում, արտոնագրային վճարի պարագայում, ի տարբերություն մյուս հարկատեսակների, փոքր բիզնեսի ներկայացուցիչները պարտավոր են վճարել մինչև բիզնես գործունեություն սկսելը: Սա լուրջ խնդիրներ է առաջացնում փոքր բիզնեսի համար, քանի որ հարկերը ծախսերի զգալի մասն են կազմում: Փոքր բիզնեսի համար խնդիր է առաջացնում շրջանառության հարկի շեմի իջեցումը՝ գործող տարեկան 115 մլն դրամի փոխարեն առաջարկվում է 40 մլն դրամ: Այսինքն, դրանից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք է սկսեն աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ վճարելով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Փոխանակ նորմալ վարչարարությամբ խոշոր բիզնեսին վերահսկեն, արհեստական գործիքներով վնասում են բարեխիղճ տնտեսվարողներին:
Բացի այդ՝ Հարկային օրենսգիրքը նախատեսում է ակցիզային հարկի էական բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գները: Այդ թվում նաև գազալցակայաններում վաճառվող գազի գինը: Սա կարող է հանգեցնել շղթայական թանկացման: Պատկան մարմինները պնդում են, որ գազի թանկացումը չի կարող ազդել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վրա, քանի որ ոլորտում կա բավարար մրցակցություն, կան 360 ավտոգազալցակայաններ, և դրանց թիվը տարեցտարի աճել է: Գազալցակայաններն այսօր վճարում են ակցիզային հարկ՝ մեկ խորանարդ գազի համար 8 դրամ: Ըստ նոր օրենսգրքի՝ այն ավելի քան եռապատկվելու է և դառնալու է 25 դրամ: Իսկ երաշխավորելո՞ւ են, որ այդ փոփոխությունից հետո չի թանկանա ուղեվարձը՝ իհարկե չեն երաշխավորում: Այսօր մարդիկ վստահ են, որ գազալցակայաններոմ հսկայական ստվեր կա, քանի որ այս բիզնեսը համարվում է օլիգարխների դաշտը: Այդ գազալցակայաններում նորմալ ՀԴՄ չի տրվում, բայց կառավարությունը փոխանակ այդ խնդիրների լուծումը տա ՝ ակցիազային հարկն է ավելացնում: Արդյո՞ք դա միակ և լավագույն լուծումն է…
Էմմա Կիրակոսյան