Foto

Հայաստանը պարտքային ծուղակի մեջ է. տնտեսագետ

Արտաքին տնտեսական պարտքի պատճառով վերջին տարիներին տնտեսությունը չի աճում, այդ մասին լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Մենք այսօր պարտքային ծուղակի մեջ ենք ընկած, և եկամուտների մեկ տասներորդը վճարում ենք ինչ-որ պարտքերի դիմաց. սա այն ժառանգությունն է, որը մենք փոխանցում ենք մեր սերունդներին»,-ասել է նա:

Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով ներքին պարտքին, նշել է, որ  ծավալները համարժեք չեն և ներքին պարտքը ֆինանսական զարգացման միջոց է:

«Մենք հիմնականում արտաքին պարտքը սպասարկում ենք, մայր գումարների մարում չկա, պետք է գնալ վերակառուցման, քանի որ չկան այն ռեսուրսները, որ սպասարկեն մայր գումարները»,-ասաց նա: Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանի խոսքով էլ՝  երկիրը արդեն 2,5 տասնամյակ է, ինչ ֆորս մաժորի մեջ է։

«Արտաքին պարտքի լծակից պետք է ողջամտորեն օգտվել և եթե պետք է, կանգ առնել: Ներքին պարտքի գործիքը օգտագործելիս պետք է հավասարակշռված պահել բյուջե կլանելու ռեսուրսները և մասնավոր հատված ուղղելու բալանսը»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ մասնավոր ներդրումների համար կարծես ավելի գայթակղիչ է ներդրումներ անել պետական պարտատոմսերի մեջ, քան ռեալ հատվածում:

Vesti.am