Պարզվում է` Հայաստանում կոռուպցիայի մակարդակի մասին ամեն մեկն իր ուրույն պատկերացումն ունի. ոմանք, եթե իշխանության ներկայացուցիչներ չեն, դրա մակարդակը Հայաստանում համարում են խիստ բարձր ու կործանարար, մյուսները, ովքեր իշխանության մասն են, խիստ ցածր, մտահոգությունների տեղիք չտվող: Դիցուք` եթե փորձենք կոռուպցիայի պատճառների, աստիճանի մասին կարծիք կազմել ասենք նույն Հակոբ Հակոբյանի` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորի խոսքերից, պետք է եզրակացնենք, որ Հայաստանում ոչ միայն խիստ ցածր է կոռուպցիայի մակարդակը, այլև դրա «չնչին» գոյությունը հակառակ է ֆիզիկայի բոլոր օրենքներին: Հակոբյանը կարծիք է հայտնել, թե մեր պետբյուջեի կոռուպցիոն հնարավորությունները շատ քիչ են:
«Մեր բյուջեն պայմանական 1,4 տրիլիոն է, որից 400 մլրդը աշխատավարձն է, 300 մլրդը՝ կենսաթոշակը, պաշտպանությանը հատկացվող փողը հանենք, մանկավարժների, բժիշկների աշխատավարձը ևս, վարկերի պարտքը փակենք, տեսեք, որ տակը փող չի մնում, որ գողանան: Այս առումով կոռուպցիոն երևույթները մեր երկրում շատ ավելի մեղմ են, քան այլ երկրներում»,-վստահորեն հայտարարել է պարոն պատգամավորն ու ավելացրել, թե ընտրություններում փողը քիչ դերակատարություն ունի: Իհարկե, այս վերջին միտքը խոսակցության բոլորովին այլ թեմա է` մանավանդ երբ աչքիդ առաջ ունենում ես հայաստանյան ընտրությունների քրոնիկոնը, սակայն համաձայնե՛ք, այն ինչ պնդում է Հակոբյանն իր նախորդ մտքում, ուղղղակի չի դիմանում որևիցե քննադատության: Մարդը, փատորեն, բյուջեում փող չլինելով է պայմանավորում կոռուպցիայի թվացյալ բացակայությունը, փոխարենը կոռուպցիայով պայմանավորելու բյուջեի աղքատիկությունը: Այսինքն` լիովին հակառակ տրամաբանությունն է բանեցնում:
Սա, իհարկե, ծիծաղելի կարող էր թվալ ու առիթ դառնալ բազմապիսի հումորների, սակայն բացի ափսոսանքից ու ցավից ուրիշ այլ զգացողություն շարքային քաղաքացու մոտ չի կարող արթնանալ, քանի որ Հակոբյանի խոսքերն արտահայտում են ոչ միայն նրա անձնական տեսակետը, այլև բխում են իշխանությունների ընդհանուր մտածելակերպից: Իսկ թե ինչ է ստացվում այս ամենի արդյունքում, ամեն օր ու ամենուր տեսնում ու զգում ենք բոլորս, բացի ջայլամներից:
Հրանտ Դալլաքյան