Foto

Տոկիոյում ներկայացվել են մաքսային ոլորտի տեխնոլոգիական նորարարությունները. ՊԵԿ

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են սահմանային հսկողության օժանդակման տեխնոլոգիական լուծումները, նորարարությունների կիրառման լավագույն փորձը, քննարկվել են տեխնոլոգիական զարգացումները և արդիական լուծումները, որոնք նախատեսված են մատակարարման գլոբալ շղթաների անվտանգության համար: Համաժողովին մասնակցել են ՀՄԿ 100-ից ավելի անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներ, մոտ 500 միջազգային պատվիրակներ՝ աշխարհի տարբեր պետական գործակալությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական մատակարարներ, գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, խորհրդատվական գործակալությունների և գործարար այլ միջավայրի ներկայացուցիչներ:

Զուգահեռաբար կազմակերպվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մաքսային հսկողության սարքավորումներ: