Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ Կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ:
Ինչպես անցած տարի, այս տարի ևս համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում կգտնվեն մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ ներդրումների, ներմուծման և արտահանման միջավայրի մեխանիզմների աջակցության և ընդլայնման հնարավորությունները Եվրասիական տնտեսական միության կազմում: ԵԱՏՄ-ն կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի համար՝ իրականացնելու այն բոլոր նպատակներն ու ծրագրերը, որ ունի իր առջև դրված կառավարությունը երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և ՌԴ հետ, որոշակի հույսեր է ներշնչում, որ հնարավոր կլինի ապագայում վերականգնել Հայաստանի արդյունաբերական ճյուղերի երբեմնի հզորությունը:
Հաշվի առնելով Հայաստանի առանձին արդյունաբերական ճյուղերի անցյալի ձեռքբերումները, ինչպես նաև ճիշտ ձևավորելով և արդյունավետ իրականացնելով արդյունաբեր-նորարարական, գիտա-տեխնոլոգիական և ռազմաարդյունաբերական քաղաքականությունը, կիրառելով ռազմավարական կառավարման և պլանավորման համակարգը, հնարավոր է վերականգնել այդ ոլորտները և ուղղությունները: Այդ նպատակին հասնելու ուղիները փորձագետները բազմիցս են առաջարկել, նախևառաջ անհրաժեշտություն կա ձևավորել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների շղթա ԵԱՏՄ երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ:
Այդ ձևաչափը մեզ հնարավորություն կտա իրականացնել արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականություն՝ արտադրական նորարարական բաղադրիչներով, որն, իր հերթին, հիմնված կլինի, մասնավորապես, մեր գիտնականների, երիտասարդների տեխնոլոգիական ձեռքբերումների վրա: Նման համաժողովների անցկացումը պոտենցիալ հնարավորություն է ստեղծում մոտ ապագայում ստանալ այնպիսի ձևաչափ, որը կպահանջի ոչ միայն ուղղակի համագործակցություն, այլև ազգային մրցակցային առավելությունների համադրում, ինչպես նաև կնպաստի արդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը՝ ԵԱՏՄ տարբեր երկրների մասնաբաժնային մասնակցությամբ:
Լիաննա Ավետյան
Vesti.am