Foto

Մսամթերքի գնաճը պայմանավորված է շուկայի պահանջարկով. Իգնատի Առաքելյան

«Մսամթերքի գնաճը պայմանավորված է շուկայի պահանջարկով: Հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ընդգծելով, որ հենց շուկայի պահանջարկն էլ ձևավորում է գին:

Լրագրողների դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մեծ քանակով արտահանում է տեղի ունեցել, ինչպես նաև երաշտի հետևանքով անասնակերն է թանկացել, մսամթերքի թանկացումն էլ պայմանավորված է դրանով, նախարարը պատասխանեց, որ բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը:

«Կա առաջարկ և պահանջարկ: Կենդանիների գլխաքանակն այդքան չի պակասել, որպեսզի ազդի գնի վրա: Կա արտահանում, այդ արտահանումը կազմել է ընդամենը 12 հազար լրացուցիչ գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Չէր կարող դա ազդել մսի գնի վրա: Բայց դա կարող էր ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում գինը կարող էր թանկանալ: Այսինքն՝ վաճառողը կարող էր զուտ որոշել, որ կա պահանջարկ, բերեք գինը բարձրացնենք»:

Նախարարը նկատեց, որ 30 տոկոսով թանկացել է նաև խոտի գինը, ինչը կարող էր հանգեցնել մսի գնի 15 տոկոս թանկացման:

Vesti.am