Սեպտեմբերի 28-30-ը՝ Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է «Nebelhorn Trophy 2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար:
Սեպտեմբերի 29-ին ավարտվեց մենասահորդների մրցապայքարը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Մեր մարզիկը կարճ (60.25) և կամավոր (119.73) ծրագրերի արդյունքում վաստակեց 179.98 միավոր և 26 մասնակիցների շարքում զբաղեցրեց 12-րդ տեղը: Տղամարդկանց մրցապայքարում խաղարկվում էր 6 ուղեգիր:
«Սլավիկն այնքան էլ հաջող չկատարեց կարճ ծրագիրը, իսկ ահա կամավորում հրաշալի ելույթ ունեցավ, սակայն մրցավարներն անամոթաբար ցածրացրեցին տղայի գնահատականները: Մենք շատ հուսահատված ենք: Հերթական անգամ մրցավարներն օգտվում են այն հանգամանքից, որ մրցավարական կազմում մենք մեր ներկայացուցիչը չունենք»,- Օբերսդորֆից ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
Մենասահորդուհիների և պարային զույգերի պայքարում մասնակցիները հանդես են եկել կարճ ծրագրում: Անաստասիա Գալուստյանը 34 մարզուհիների մեջ դեռ 15-րդն է: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը ութերորդն է 18 զույգերի մեջ:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրում:









