Կառավարությունն այսօր հաստատեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը:
«Որոշման նախագիծն իրենից ներկայացնում է բյուջեի հավելված, որը, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով», - նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Դավիթ Լոքյանը նշեց, որ սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մեկ օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը:
«Այն իրենից ներկայացնում է շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որը տրվում է 58 հազար բնակչի, որոնք սահմանամերձ 37 բնակավայրում են տեղակայված. դա գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրն է», - նշեց նախարարը:
Դավիթ Լոքյանն ասաց, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով:
«Պարո՛ն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, ինչքան հիշում եմ, գազի ու կիլովատտի սակագների մեջ կարգավորումը, որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել», - դիմելով Ֆինանսների նախարարին՝ հետաքրքրվեց վարչապետը:
«Սա այն հերթական ծրագրերից է, որը, ըստ օրենքի պահանջի, մենք պետք է ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը», -արձագանքեց Վարդան Արամյանը:
Vesti.am