ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ առցանց ծառայությունների մատուցման շրջանակների ընդլայնմանը և դրամական վճարները կանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելուն:
«2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստն ստանալ առցանց եղանակով ՝ ներկայացված դիմումի հիման վրա:
Նշված համակարգից արդեն իսկ օգտվել է 15 հազար մարդ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների, նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի և համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»,-նշեց վարչապետը:
Գործադրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող համակարգերի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ:
Վարչապետը հանձնարարեց նաև պարզեցնել վարչարարությունը և գործնականում ապահովել կենսաթոշակների, նպաստների, այդ թվում նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի միանվագ նպաստը, օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրառումը:
Vesti.am