«Որևէ հիմնավորում չկա, որպեսզի Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում»,- ԵԱՏՄ անդամության դադարեցման նախագծին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նա համոզմունք հայտնեց, որ չի տեսնում անդամության դադարեցմանն առնչվող հարցեր, որոնք չեն կարող քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
Նրա պնդմամբ՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հիմնավորված չէ:
Քննարկմանը ներկա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ կողմ էին «Ելքի» նախաձեռնության քննարկմանը, սակայն ճիշտ չեն համարում, ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժող ստեղծելու առաջարկը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը չհամաձայնեց «Ելքի» պատգամավորի հետ՝ ընդգծելով, որ ժամանակավոր հանձնաժողովի անհրաժեշտություն բացարձակ չի տեսնում:
Քննարկման ավարտին 1 կողմ, 10 դեմ ձայներով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց:
Vesti.am