Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` 137 երկրի շարքում զբաղեցնելով 73-րդ տեղը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին, ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը վատթարացում է գրանցել մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն հենասյուների ցուցանիշներում, իսկ մնացած 10-ում գրանցել է բարելավում:
Նա նշեց, որ զգալի առաջընթաց են գրանցել առողջապահության և տարրական կրթության, նորարարության, գործարարության կատարելագործվածության, ինստիտուտներ և ապրանքների շուկայի արդյունավետության հենասյուները:
«Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև շուկայի չափ, ենթակառուցվածքներ, աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները»,-ասաց նա:
Սևակ Հովհաննիսյանը նկատեց, որ Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում շարունակում են մնալ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման կամ հեռացման ճկունությունը:
Ինչ վերաբերվում է մրցակցային թերություններին, բանախոսն ասաց, որ դրանք այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվ:
Անդրադառնալով մակրոտնտեսական միջավայրի վատթարացմանը, Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ անկման հիմնական պատճառը Հայաստանում ձևավորված դեֆլյացիոն միջավայրն է. «2016 թ-ին Հայաստանում գրանցվել է 1,4 տոկոս գնանկում, ինչը նշանակում է, որ դա զսպում է տնտեսական աճը: Այն երկրները, որոնք գրանցել են 0,5-3 տոկոս գնաճ, դա համարվել է նորմալ և այդ երկրները լավագույն են համարվել»,-ասաց նա:
Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:
Vesti.am