Կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ամփոփելով նախարարության գործունեության մեկ տարին:
Նախարարը նշել է, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա շինարարական աշխատանքները կշարունակվեն: Նա ասել է, որ կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է մայիսին:
Անդրադառնալով չարաշահումների խնդրին և պետության կողմից պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցին, Մարտիրոսյանը հայտնել է, որ պետությունն անում է ամեն ինչ իրեն վերագրված գործառույթների սահմաններում։
«Վստահ եղե՛ք, որ վերահսկողության տակ է, ամեն ինչ արվում է, որ նման խախտումներ չլինեն ո՛չ ֆինանսական, ո՛չ շինարարական»,-ասել է նա:
Վահան Մարտիրոսյանը հավելել է, որ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի ֆինանսավորման հայտ դեռ չի ներկայացվել, քանի որ նախագծային մոտեցումները դեռ հստակեցված չեն, թե ինչ ճանապարհ է լինելու:
«Բայց այդ աշխատանքները կատարվում են, և մյուս տարվա սկզբին կներկայացվի նաև նախագիծը: Իսկ «Հյուսիս-հարավ» ծրագրի հարավի հատվածում ամբողջական ծրագիրը վերջնական պատրաստ չէ»,-ասել է նա, հավելելով, որ կարող են փոփոխություններ լինել:
Vesti.am