Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիները տեղավորված են երկտեղանոց խցերում, նրանց պահում են լավ պայմաններում։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը ցուցադրականորեն չեզոք է, հայտնել է 23-ամյա ձերբակալված Սերգեյ Սոֆրոնովի մայրը՝ Մարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Որդիս՝ Սերգեյը, ձերբակալված է Բաքվում։ Լրջագույն հոդվածներ՝ թմրանյութերի վաճառք, Իրանից թմրանյութերի փոխադրման կազմակերպում, կիբերհանցագործություններ… Նա պարզապես երեկոյան աշխատանքից հետո գնացել է խանութ և ամենաանհարկի պահին հայտնվել ամենաանհարկի վայրում։ Վերջապես այսօր ձերբակալվածների հետ տեսակցության են թույլ տվել դեսպանատան աշխատակիցներին։ Ինձ մեկ ժամ առաջ զանգահարեցին։ Դուք տեսել եք լուսանկարներն ու տեսանյութերը, թե ինչ վիճակում էին տղաները։ Հիմա այդ ամենն անցյալում է։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը ցուցադրականորեն չեզոք է։ Նրանք տեղավորված են երկտեղանոց խցերում, պայմանները լավ են, սնունդը՝ հիանալի։ Միայն մերոնք են, օտարներ չկան»,- գրել է Սոֆրոնովան «Вконтакте»-ում։
Նա հայտնել է, որ Բաքվում, բացի իրենից, գտնվում են ևս երկու ձերբակալվածների հարազատները։
Ավելի վաղ Մարիա Սոֆրոնովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ իր որդուն ներկայացված մեղադրանքներն անհեթեթություն է համարում։ Նրա գործատուն՝ ձեռնարկատեր Վալենտին Պրեոբրաժենսկին, հայտնել էր, որ Սերգեյը զբաղվում էր արհեստական բանականության ներդրման մշակումներով։
Հունիսի 28-ին ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունում հայտնել են ադրբեջանական խմբավորման գործունեության կանխման մասին, որը ներգրավված է եղել 2000-ականների սկզբին Եկատերինբուրգի տարածքում կատարված մի շարք սպանությունների մեջ։ Կալանավորվել է ութ մեղադրյալ։
Ըստ նախնական տվյալների, գործով անցնողներից մեկը մահացել է սրտային անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառները պարզվում են։ Նրանց մարմինները Եկատերինբուրգից տեղափոխվել են Բաքու, որտեղ հետո հայտարարել են, որ դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է բռնության հետքեր, և բողոք են հայտնել ռուսաստանյան կողմին։
Ադրբեջանում չեղարկվել են ՌԴ մասնակցությամբ միջոցառումները, ձերբակալվել են նաև ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանում ձերբակալված 13 ռուսաստանցի քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքը համաձայնեցված է։ Ադրբեջանն ու Ռուսաստանը բողոքի նոտաներ են փոխանակել, դիվանագետներ են կանչվել ԱԳՆ։