Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։
Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Պատմություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:









