Foto

Սպասվող 3.2 տոկոս տնտեսական աճը հավանաբար 4.3 տոկոսի կհասնի. Վարդան Արամյան

«Բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, այն հավանաբար 4.3 տոկոսի կհասնի»: Այդ մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին կազմել է 6.2 տոկոս:

Չնայած ներդրումների մասով պատասխանատու կառույցը Ֆինանսների նախարարությունը չէ, այնուամենայնիվ ՀՀ ֆինանսների նախարարը վստահում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության սպասումներին, և այն պնդմանը, որ այսօրվա դրությամբ խոստացված $832 մլն-ից շուրջ 400 մլն-ն արդեն իրականացվել է:

«Ներդրումը ներդրում է, բայց շատ դեպքերում շփոթ կա՝ արդյոք դրանք պե՞տք է համադրելի դարձնենք օտարերկրյա ներդրումների հետ: Դրանք տարբեր ցուցանիշներ են, խոսքը ՀՀ ներքին տնտեսությունում կատարվող ներդրումների մասին է, կարևոր չէ, թե որ աղբյուրից է, կարևորը ծրագրերն են, որոնք պետք է այս տարվա ընթացքում իրականացվեն»,-ասաց նախարարը:

Նախարարը մատնացույց արեց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 5.5% աճ է գրանցել:

«Այսինքն՝ որևիցե ճյուղային մասով անակնկալ չունենք՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ 25% անկում է նկատվել»,-ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ նման տոկոսային անկման գործոնը բացատրվում է բազային էֆեկտով, այսինքն՝ անցած տարվա տնտեսական ակտիվության գործոնով:

Vesti.am