Foto

Անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը. Մարիա Զախարովան՝ ԼՂՀ հակամարտության մասին

Ռուսաստանն անընդունելի է համարում հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ կոչ անելով կողմերին իրավիճակի կայունացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Հուլիսի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով օրերս հակամարտության գոտում գրանցված լարվածության աճը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բնականաբար, մենք չենք կարող չմեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակը: Հրադադարի հերթական խախտման հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և երեխաների շրջանում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին, անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրավիճակի կայունացման համար»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ «ընդգծվում է բռնությունը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը»:

Vesti.am