Foto

Ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երեկ գորգ են մտել 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները:

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջել է ՌԴ-ն նեկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետև ռուս ըմբիշը հասել է եզրափակիչ և Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարել է բրոնզի համար:

Սկզբում նա հաղթել է Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում ոչ մի շանս չի թողել թուրք Էնգին Չեթինին (11:4):

Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին:

Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ) չեն կարողացել մեդալ նվաճել:

Հունիսի 28-ին գորգ կմտնեն Արսեն Հարությունյանը (55 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):